1․ Ինչպիսի՞ առնչություններ ունեին քրիստոնյաները Հայաստանի հետ մինչև 301 թվականը։
Աստվածաշնչում դրախտը նկարագրվում է Եփրատի և Տիգրիսի ակունքների շրջանում, որը գտնվում էր Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Հազարամյակների խորքից եկող հայկական հին հավատալիքների ու առասպելների գաղափարը I-ին դարից միահյուսվում են քրիստոնեական քարոզչության հետ։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ քրիստոնեության պատմության ամենասկզբից ի վեր Հայաստանը սերտորեն կապված է եղել այդ հավատքի հետ։
Հայոց Աբգար թագավորի օրոք Քրիստոսի տասներկու աշակերտներից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվել է քրիստոնեական ուսմունքը։ Մինչև 301 թվականը, դեռ I դարում նրանք դնում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։
2․ Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման գործընթացը Հայաստանում։
Քրիստոնեության ընդունման գործընթացն այդքան էլ հեշտ չի եղել, քանի որ Հայաստանում շատ էին հեթանոսները և զրադաշտականները։ Հաշվի առնելով այն փաստը, որ հայերը հեթանոս են եղել դեռ շատ հին ժամանակներից, հեթանոսությունը արմատականացել էր նրանց մեջ և իրենց շրջանում հայտնված համեմատաբար նոր կրոնը՝ քրիստոնեությունը, բնականաբար խորթ էր և հեշտ չէին ընդունելու այն։ Միայն այն փաստը, որ Տրդատ Մեծը հեթանոսական արարողության ժամանակ իմանում է, որ Գրիգորը չի մասնակցում արարողությանը, քանի որ քրիստոնյա է և պարթև Անակի որդին է, արդեն բավական է հասկանալու համար, թե հեթանոս հայերն ինչպես էին վերաբերվում քրիստոնյաներին։ Սակայն մի դեպքից հետո Տրդատի վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ փոխվում է։
Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հետապնդումների արդյունքում Հայաստան են փախչում Հռիփսիմյան քույրերը։ Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին, սակայն մերժվել էր նրա կողմից, ինչն էլ կույսերի նահատակության պատճառ էր դարձել։ Անցնում է վեց օր, և Տրդատը ծանր հիվանդանում է։ Նրա քույրը՝ Խոսրովիդուխտը, երազում տեսնում է, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը, որը բանտարկված էր Խոր Վիրապում։ Գրիգորին ազատում են, և նա բուժում է Տրդատին ու սկսում քրիստոնեական քարոզչությունը։ Սուրբ Գրիգորի կոչով շինվում են նահատակված Հռիփսիմյան կույսերի վկայանները, որոնց հիմքում դրվում են Ազատ Մասիսից Տրդատ թագավորի կրած ութ անտաշ քարերը։ Նախկին հեթանոսական տաճարների, ատրուշանների և պարսից մոգերի կատարած ավիրածությունների տեղերում կառուցվում են քրիստոնեական վկայարաններ և եկեղեցիներ։
Տրդատ թագավորի հրամանով հայոց աշխարհի զորավարները, մեծամեծերը, կուսակալները, գավառապետերը, նախարարները, ազատներն ու դատավորները Գրիգոր Լուսավորչին կարգում են քահանայապետ։ Գրիգորը մեկնում է Կապադովկիայի Մաժակ (Կեսարիա) քաղաք, որտեղ Ղրոնդիոսի գլխավորած եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Գրիգորը վերադառնում է Հայաստան որպես եպիսկոպոսապետ-կաթողիկոս։ Բագավանի Նպատ լեռան ստորոտում նրան մեծ պատիվներով դիմավորում է Հայոց թագավոր Տրդատը՝ իր ընտանիքի և զորքի հետ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը առաջնորդում է բոլոր հավաքվածներին Արածանիի ափը և մկրտում նրանց։ Այսպիսով՝ 301թ․ Հայաստանում, աշխարհում առաջինը, քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։
3․ Ի՞նչ կլիներ եթե Հայաստանը երբևէ չընդուներ Քրիստոնեություն։
Կարծում եմ՝ այս հարցին կարելի է մոտենալ երկու տեսանկյունից։ Իրականում, ըստ իս, քրիստոնեության ընդունման շնորհիվ է, որ մենք հիմա խոսում ենք մեր մշակույթի և պատմության մասին ու հպարտանում դրանով, որն ունենք։ Նաև կարծում եմ, որ քրիստոնեության ընդունումով ենք կարողացել պահել մեր ազգի ինքնությունը։ Սակայն, եկեք չմոռանանք, որ Հայաստանում քրիստոնեությունը հեշտ չի ընդունվել։ Մինչ քրիստոնեության ընդունումը հայերը հեթանոսներ էին և «հեթանոսական ժամանակաշրջանում» էլ ունեին հարուստ մշակույթ, որը, փաստացի, քրիստոնեության ընդունման պատճառով գրեթե ամբողջությամբ ջնջվեց։ Ժողովրդի համար քրիստոնեության ընդունումը բավականին արտառոց ու կտրուկ իրադարձություն էր։ Պետք չէ մոռանալ, որ այն շատ կարճ ժամանակում ընդունվեց և տարածվեց ժողովրդի մեջ։ Իմ կարծիքով ժողովրդի գիտակցությունը դեռ պատրաստ չէր նման մեծ փոփոխության։ Հստակ չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե քրիստոնեությունը երբևէ չընդունվեր Հայաստանում, բայց կարծում եմ, որ քրիստոնության ընդունումից հետո պետք չէ հիմնահատակ քանդել հեթանոսական հարուստ մշակույթը, քանի որ դա էլ էր մեր պատմության, ինքնության մի մասը։
4․ Ի՞նչ է Ավատատիրությունը։ Հողատիրության ինչպիսի՞ ձևեր գիտեք Հայաստանում։
Ավատատիրություն անվանումն առաջացել է «ավատ» բառից, որի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է։ Ավատատիրությունը հասարակությանն ավելի հայտնի է ֆեոդալիզմ անունով։
Միջնադարում հողատիրության ձևերը բազմազան էին։ Առավել մեծ կշիռ ունեին պետական՝ թագավորական, և ավատական խոշոր հողային տիրույթները։ Ավատատիրության խորացմամբ թագավորական կամ պետական հողերը մասնատվում էին, մինչդեռ ծառայող ազնվականության հողատարածքներն աճում էին։ Գոյություն ունեին նաև հայրենական կամ հայրենիք կոչվող հողերը, որոնք փոխանցվում էին հորից որդուն՝ որպես ժառանգություն։ Պարգևականք էին կոչվում պայմանական հողատիրության այն կալվածքները, որոնք թագավորները շնորհում էին որպես նվեր՝ տարբեր ծառայությունների համար։ Հողատիրության մեկ այլ ձև էր գանձագին կոչվածը։ Դրանք մասնավոր հողեր էին և ենթակա էին առուվաճառքի։ Իշխաններն ու եկեղեցին գնում էին գանձագին կալվածքներ՝ մեծացնելով իրենց ենթակա հողատարածքը։
5․ Ներկայացրե՛ք Ավատատիրական դասակարգի աստիճանակարգումը Հայաստանում։
Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ բդեշխներն ու գործակալները։ Բդեշխները սահմանամերձ տարածքների կառավարիչներն էին, որոնք նաև կողմնապահ, սահմանապահ զորավարությունների կուսակալներն էին։ Հայ հասարակությունը կազմված էր բարձր՝ ազատների, և ստորին՝ անազատների դասերից։ Ազատների դասը կազմում էին ազնվականությունը՝ նախարարները՝ աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, հոգևորականությունը։ Ազատների դասի աշխարհիկ ներկայացուցիչները զինվորական ծառայություն էին կատարում հեծելազորում։ Ժամանակի ընթացքում Արշակունյաց շառավիղներից ձևավորվեց ոստանիկներ կոչվող առանձին ազնվական խավը։ Անազատների դասին էին պատկանում քաղաքացիները՝ համեմատաբար արտոնյալ վիճակում գտնվող առևտրականներն ու արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ու գյուղական ռամիկները։ Նրանք կարող էին ծառայել միայն հետևակային զորքում։
6․ Ներկայացրե՛ք Միջնադարյան Հայաստանի ամբողջ պետական համակարգը։
Պետությունը կառավարում էր արքան՝ իր արքունիքով։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր նրան։ Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները։ Յուրաքանչյուր գործակալություն տնօրինում էր երկրի կառավարման որոշակի ոլորտ։
- Հազարապետության գործակալությունը երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների կամ պետական պարհակների տնօրինությունը։
- Սպարապետության գործակալությունը գլխավում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ հայոց սպարապետը։ Թագավորական կամ ոստանիկ այրուձին մշտապես նրա տրամադրության տակ էր, իսկ պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում նախարարների զինված ուժերն ու աշխարհազորը։
- Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց շառավիղների դաստիարակությունը։
- Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը՝ արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը։
- Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝ հայոց կաթողիկոսը։
- Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր ասպետը, որը պատասխանատու էր նաև պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար։
- Ի՞նչ էր իրենից ներկայացնում միջնադարյան հայկական քաղաքը, ի՞նչ հայտնի քաղաքներ գիտեք։
Միջնադարյան հայկական քաղաքի բնակչության մի մասը առևտրականներն ու արհեստավորներն էին։ Քանի որ Հայաստանով էր անցնում Մետաքսի ճանապարհը, հայերի կողքին էին ապրում նաև այլազգի վաճառականներ, որոնք մասնակցում էին Մետաքսի ճանապարհով կատարվող միջազգային առևտրին։ Տնտեսական՝ արհեստագործական և առևտրական, պատմական և մշակութային նշանակություն ունեցող քաղաքներից էին Արտաշատը, Երվանդաշատը, Վաղարշապատը, Դվինը, Կարինը, Մանազկերտը, Տիգրանակերտը, Վանը։ Միջնադարում Դվինն այնքան էր զարգացել, որ դարձել էր խոշոր քաղաք՝ շուրջ 100 հազարի հասնող բնակչությամբ։
Միջնադարյան քաղաքը շրջապատված էր պարիսպներով, որոնցից ներս տեղակայված էր շուկան։ Շուկայի տարածքում էին առևտրականների խանութները, արհեստավորների գործատները։ Թագավորական պալատը միջնաբերդում էր, որտեղից սկսվում էր ներքին փողոցը։ Հենց պալատի առջևում Մայր տաճարն էր կառուցվել։ Քաղաքի արևելյան դարպասից սկսվող ճանապարհը Վաղարշապատը կապում էր Արտաշատի հետ և կոչվում էր Արտաշատի պողոտա։
Մայրաքաղաքում հայ ազնվականությունն ապրում էր միջնաբերդում գտնվող թագավորական պալատին մոտ թաղամասում։ Այնտեղ էր նաև թատրոնը։ Առևտրականներն ու արհեստավորներն ապրում էին քաղաքի որոշակի թաղամասերում։ Քաղաքներում և քաղաքամերձ ավաներում մեծ թիվ էին կազմում ռամիկները։
Հայաստանյաց առաքելական եկեղեցու նվիրապետության հաստատմամբ քաղաքների և գյուղերի կենտրոնական՝ բարձրադիր վայրերում եկեղեցիներ էին կառուցվում։